ՌԴ-ԻՆ ԿԿԼԱՆԻ՞ ԼԱՎ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքական իրադարձություններով բավական հարուստ անցնող տարում ակնհայտ դարձավ մի կարևոր իրողություն. մենք վկաները դարձանք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների մայրամուտին։ Համենայն դեպս, այդպիսի եզրակացության կարելի է հանգել` դիտարկելով Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպումը ղազախստանյան «Բուրբայ» առողջարանային գոտում։
Անշուշտ, այնտեղ տեղի ունեցան ցուցադրական հանդիպումներ, հնչեցին խորիմաստ արտահայտություններ, քննարկվեցին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված հարցեր։ Սակայն, ցանկացած կողմնակի դիտորդի համար չէր կարող աննկատ մնալ ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի գագաթաժողովներին ժամանած պետությունների ղեկավարների նոսրացած շարքը։ ԱՊՀ-ի մասով հանդիպմանը չէր ժամանել նույնիսկ նախագահող երկրի` Մոլդովայի ղեկավարը։ Չկային ՈՒկրաինայի, Ադրբեջանի ղեկավարները, ՈՒզբեկստանի նախագահն այդպես էլ հրաժարվեց ժամանել ոչ պաշտոնական այս գագաթաժողովներին։ Այս ամենը հիմք տվեց ռուսական վերլուծաբաններին հանգելու ոչ անհիմն եզրակացության, որ պաշտոնական Տաշքենդի հաջորդ քայլը կլինի ՀԱՊԿ-ից կրկին դուրս գալը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ՈՒզբեկստանն արդեն իսկ դադարեցրել է իր անդամակցությունը ԵՎՐԱԶԵՍ-ին։ Սա, անշուշտ, լավ առիթ է ամփոփելու արդյունքները, որոնք այնքան էլ դրական չեն տարածաշրջանային կառույցների ապագայի տեսանկյունից։
Հարկավ, գագաթաժողովներին մասնակցող պետությունների ղեկավարներն աշխատեցին պահել ֆոնը և ստեղծել այնպիսի տպավորություն, իբր առանձնապես ոչինչ չի պատահել։ Հայտարարվեց, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն արդեն 2009-ի ապրիլից կարող են հայտնվել միասնական մաքսային միության տարածքում։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այս կապակցությամբ նշեց, թե իրական հեռանկարներ կան` վերջակետ դնելու այս ձգձգվող գործընթացին։ Բայց չմոռանանք, որ Բելառուսի նախագահն այս հանդիպմանը մասնակցելու փոխարեն նախընտրեց դիտել հոկեյի աշխարհի աստղերի հավաքականի հանդիպումը «Գազպրոմ էքսպորտ» ակումբի հետ, Մոսկվայում։ Մինչդեռ, ինչպես նշում էին տարբեր ԶԼՄ-ներ, Ղազախստանի առողջարանային գոտում կազմակերպված գագաթաժողովը նպատակ էր հետապնդում համախմբել ԱՊՀ-ի պետություններին` համատեղ ուժերով մեղմելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները։ Ենթադրվում էր, որ այդ խնդրի լուծման համար, իբրև հաշվարկային միավոր, այսուհետ կարող է ծառայել ոչ թե ԱՄՆ-ի դոլարը, այլ ռուսական ռուբլին։ Որոշ ռուսական տնտեսագետներ դեռ մինչ հանդիպումը փորձում էին հիմքեր նախապատրաստել դրա համար, հայտարարելով, թե ռուբլին բավականին կայուն է որպես արտարժույթ ոչ միայն ԱՊՀ-ի երկրների, այլև զարգացող շուկաների պարագայում։
Սակայն, ըստ ամենայնի, ռուսական ռուբլուն անցում կատարելը բոլորովին ակտուալ թեմա չէ ՈՒզբեկստանի և ՎՈՒԱՄ կազմակերպության մեջ մտնող երկրների (Վրաստան, ՈՒկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) համար։ Ավելին, Ռուսաստանի ակնհայտ ցանկությունը` օգտվելու համաշխարհային ճգնաժամից իր տնտեսական դիրքերը հետխորհրդային պետություններում ամրապնդելու առումով, ակնհայտ զգուշավորություն է առաջացրել ԱՊՀ-ի հանրապետություններում և ակնհայտորեն հավանության չի արժանանա նրանց մեծամասնության կողմից։ Ոչ ոք չի մոռացել այն ժամանակները, երբ Մոսկվան ոչ պակաս ակտիվությամբ դուրս էր մղում այս երկրներին այդ գոտուց։ Գագաթաժողովի դեմքը չփրկեց նաև հատուկ նախապատրաստված «սենսացիան», երբ Ղրղզստանի նախագահը հայտարարեց, թե իրենք պատրաստ են փակել Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում հաստատված ամերիկյան ռազմաբազան, որը 2002-ից զբաղված է Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերի թիկունքային հարցերի ապահովմամբ։ Կուրմանբեկ Բակիևի այս հայտարարությունը զարմանք հարուցեց նույնիսկ ռուսական փորձագիտական շրջանակներում, քանի որ Աֆղանստանը լրջագույն պրոբլեմ է, և այդ բազան լուրջ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-Ղրղզստան հարաբերություններում։ Հավանաբար, այս սենսացիան ավելի շուտ քարոզչական քայլ էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Բիշքեկում հույս ունեն ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստանալ Մոսկվայից 2 մլրդ դոլարի չափով, ինչը խոստացել է Վլադիմիր Պուտինը։ Եվ, վերջապես, «ժողովուրդների հավերժ բարեկամության» այս խորապատկերի վրա պարզապես անակնկալ էր գագաթաժողովի նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ին Տաջիկստանի ԱԳՆ-ի փոխանցած նոտան, որտեղ Դուշանբեն Մոսկվային մատնանշում է քսենոֆոբիայի ծավալների ահագնացումը Ռուսաստանում։ Ըստ նոտայի, 2008-ի ընթացքում Ռուսաստանի տարածքում զոհվել է Տաջիկստանի 615 քաղաքացի, որոնցից 84-ը սպանվել է տարբեր ազգայնական խմբավորումների ձեռքով։
Արդյունքում, կարելի է միայն համոզվել, որ հետխորհրդային տարածքում քաղաքականություն վարելու նախկին սխեմաներն ուղղակիորեն մեռել են։ Սկզբունքորեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ՀԱՊԿ-ը, և՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի մյուս կառույցներն ու տարբերակները մնացին սոսկ իբրև արտաքին ֆոն` ոչ մի կերպ չփրկելով անդամ պետություններին ներքին ցնցումներից և հակամարտություններից։ Ռուսաստանում կարծես մոռացել են, որ կայսրությունը ոչ թե կարգավիճակ է, այլ պատասխանատվություն, և անցած ժամանակահատվածում չափազանց հաճախ են անտեսել իրենց «ֆորպոստների» շահերը։ Ցանկացած դեպքում այն փաստը, որ ղազախական առողջարանային գոտում անցկացված ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ լրիվ կեսը, միայն խորացնում է համագործակցության մեջ եղած ճեղքերը, որոնք, ի դեպ, գոյացել են շատ ավելի վաղ։ Դատելով ամենից` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում սկսվում է կենտրոնախույս գործընթացների երկրորդ ալիքը, երբ ԱՊՀ-ի անդամ պետությունները բաժանվում են տարբեր ակումբների` ելնելով կոնկրետ շահերից։ Օրինակ, ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը միշտ եղել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ինտեգրացիայի կողմնակից` առանց Ռուսաստանի մասնակցության։ Ղազախստանը փորձել է առաջ շարժվել եվրոպական ուղղությամբ, ձգտելով զբաղեցնել «նոր գլոբալ մտածողության» կրող երկիր լինելու դաշտը, մանավանդ որ այս գաղափարն ակտիվ աջակցության է արժանանում սկանդինավյան և մայրցամաքային եվրոպական երկրներում։
ԱՊՀ-ի շրջանակներում ստեղծված խոր ճգնաժամի հետ վերակենդանանում են ակտիվ բանավեճերը Ռուսաստանի խնդիրների կամ նրա քաղաքականության վերաբերյալ, քանի որ հենց Մոսկվան է եղել համագործակցության ինտեգրացիոն պրոցեսների առանցքում։ Լուրջ համակարգային ճգնաժամը, որն անմիջականորեն կապված է էներգակիրների գների անկման հետ, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի դանդաղեցումը ստիպում են Մոսկվային` ամենից առաջ կենտրոնանալ ներքին խնդիրների վրա և ավելի քիչ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ տեղի է ունենում իր սահմանների շրջակայքում։ Նույնիսկ ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խոստովանում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կա ինտեգրացիոն ոգու անկում, իսկ օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ի ներսում համախմբված գործելու տեսանկյունից ամեն ինչ այնքան էլ կարգին չէ։ Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա այն այդպես էլ կմնա իբրև «հետխորհրդային ֆորում», որտեղ մասնակից երկրների ղեկավարները քննարկելու են մասնավոր հարցեր` հիմնականում տրանսպորտային և տնտեսական բնույթի։
Մինչդեռ ինքը` Ռուսաստանը, կարծես համակերպվել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները խթանելու անհեռանկարայնության հետ։ Մոսկվան ավելի ջանքեր և ռեսուրսներ է ներդնում Լատինական Ամերիկայում երկրների որոշակի միավորում ստեղծելու ուղղությամբ։ Թեկուզև «հին բարեկամ» Օրտեգայի վերադարձը Նիկարագուայի նախագահի պաշտոնին, մռայլվում է ոչ այնքան բարեկիրթ, մանրախնդիր դրսևորումներով։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, մի շարք ծրագրեր ֆինանսավորելու ամերիկացիների մերժումն Օրտեգային հանգեցրել է այն կարծիքին, թե կարող է կորցրած գումարները փոխհատուցել Ռուսաստանի հաշվին։ Հավանաբար Մոսկվայում էլ զուրկ չեն հզոր տերությունների հետ գոնե ինչ-որ կերպ մրցակցելու և նրանց «կուզկինի մորը» ցույց տալու բուռն ցանկությունից, այն էլ հենց իրենց քթի տակ գտնվող պետությունում։ Բայց միաժամանակ անհնար է չընդունել ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի ուսումնասիրություններից մեկում ամրագրված դիտարկումը, որ «11 ժամային գոտի ունեցող և հարուստ բնական պաշարների տիրապետող երկրի տնտեսական ցուցանիշներն անցած տարի համարժեք են եղել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ցուցանիշներին։ ՈՒստի, ամբողջ ճակատով պայքարելու համար Կրեմլին չեն բավարարի եթե ոչ կամքը, ապա, համենայն դեպս, միջոցները»։
Իսկ ժողովրդական իմաստությունն ասում է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ակնհայտորեն, Մոսկվան կանգնած է լինելու առաջինը գործելու անհրաժեշտության առջև, փոխելով իրավիճակը հետխորհրդային տարածաշրջաններում ավելի շուտ, քան ԱՄՆ-ը կհասցնի այնտեղ ձևավորել սեփական աշխարհաքաղաքական կառուցվածքը։ Սակայն, ինչպես պնդում է ժամանակակից եվրոպական լավագույն փիլիսոփաներից Անդրե Գլյուքսմանը. «Կրեմլը միայն երկու սցենար ընտրելու հնարավորություն ունի։ Կամ ավելի մեղմ դիրքորոշում որդեգրել Արևմուտքի հետ շփումներում, ինչպես վարվեց Սաուդյան Արաբիան 1973-ի նավթային ճգնաժամի ժամանակ, կամ էլ Ռուսաստանին կկլանի լավ բեմադրված կատաղությունը։ Եվ նա կհամարի, որ պետք է սկսել կծել բոլորին, որովհետև այդպես ավելի հեշտ է քողարկել սեփական թուլությունը»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ